Օմանի արտգործնախարարը հայտարարել է, որ Իրանի և Միացյալ Նահանգների միջև բանակցությունների հինգերորդ փուլը տեղի կունենա հաջորդ ուրբաթ՝ Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Իրանի և ԱՄՆ-ի պատվիրակությունները Թեհրանի միջուկային ծրագրի և ԱՄՆ-ի պատժամիջոցների վերացման վերաբերյալ չորս փուլ են անցկացրել Օմանի մայրաքաղաք Մասկատում և Իտալիայի մայրաքաղաք Հռոմում։ Բացի այդ, Իրանը, Ֆրանսիան, Գերմանիան և Մեծ Բրիտանիան ուրբաթ բարձր մակարդակի հանդիպում են անցկացրել Ստամբուլում։               
 

Բաքուն գրոհում է Սերգեյ Լավրովի վրա

Բաքուն գրոհում է Սերգեյ Լավրովի վրա
04.09.2017 | 17:52

Օրերս թուրքական Milliyet-ը հոդված է հրապարակել՝ պնդելով, որ տարբեր պատճառներով ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների համաժամանակյա վատացումը, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում խնդիրները «անխուսափելիորեն ազդելու են այլ տարածաշրջանների ու հարցերի վրա, հատկապես Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում»:


Մերձավոր Արևելքում սիրիական ուղղությամբ գործում է Ռուսաստան-Թուրքիա-Իրան ալյանսը, Անդրկովկասում այս երեք երկրները պատմականորեն մրցակիցներ են: ԽՍՀՄ-ի փլուզումից հետո այս տարածաշրջանում նկատելիորեն ամրապնդել է դիրքերը Թուրքիան, բայց ոչ միայնակ, այլ՝ հենվելով իր արևմտյան դաշնակիցների, նախ և առաջ ԱՄՆ-ի վրա: Իրանը երկար ժամանակ եղել է պատժամիջոցների տակ իր միջուկային ծրագրի պատճառով: Տարածաշրջանի խնդիրները Ռուսաստանին առնչվել են միջնորդավորված՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով: Մոսկվան այն ժամանակ ընդհանրապես չուներ ոչ կովկասյան, ոչ մերձավորարևելյան քաղաքականություն: Նույնիսկ ավելի ուշ, երբ Մոսկվան սկսեց ակտիվացնել իր քաղաքականությունը այդ ուղղություններով, կայուն զգացողություն կար, որ ավելի շատ ստիված է արձագանքել այնտեղ իրադարձությունների վտանգավոր զարգացման անկանխատեսելի հետևանքների պատճառով: Սիրիական ճգնաժամին Մոսկվայի մասնակցությունը դրա ապացույցն է: Այսօր փաստ է Մերձավոր Արևելքում իրադարձությունների ինտերնացիոնալացումը՝ արտաքին և տարածաշրջանային ուժերի մասնակցությամբ: Բայց եթե Ռուսաստան-Թուրքիա-Իրան ալյանսում սիրիական ուղղությամբ դիտարկվում է Մոսկվայի առաջատար դերը, առայժմ անհայտ է՝ կպահպանի՞ Մոսկվան նույնպիսի դեր Անդրկովկասում՝ Թուրքիայի ու Իրանի ավանդական շահերի գոտում: Առավել ևս, որ այդ եռանկյան ներսում ձևավորվել են իրենց ալյանսները՝ Ռուսաստան-Հայաստան և Թուրքիա-Ադրբեջան: Կա հարց՝ կվերանայե՞ն իրենց տարածաշրջանային քաղաքականությունը Հայաստանն ու Ադրբեջանը: Երևանը Մոսկվայի ռազմավարական գործընկերն է՝ իբրև ՀԱՊԿ-ի ու ԵԱՏՄ-ի անդամ: Հայաստանի կողմից պաշտոնական մակարդակով երբևէ չի հնչել ոչինչ, որ կարող է տագնապեցնել Ռուսաստանին, թեպետ Մոսկվան հիանալի տեսնում է, որ իր ռազմավարական գործընկերն ընդլայնում է համագործակցությունը ՆԱՏՕ-ի հետ: Ռուսական ուղեգծից քաղաքականության դեպի Արևմուտք անցման մասին Երևանում բարձրաձայն խոսում է միայն ընդդիմությունը: Բայց իրավիճակում, երբ Արևմուտքը պատժամիջոցներ է սահմանում Ռուսաստանի նկատմամբ՝ զուգահեռ տնտեսության զարգացման, անվտանգության ու պետական շինարարության առաջարկներին, Երևանին դնում են ընտրության առաջ:


Բարդ իրավիճակում է հայտնվել և Ադրբեջանը: Գլխավոր խաղադրույքը Թուրքիայի վրա դնելով, որ Արևմուտքի հետ հարաբերություններում բարդությունների ճանապարհն է բռնել, Բաքուն սկսում է գիտակցել, որ իր համար սահմանափակվում են բազմավեկտոր քաղաքականության հնարավորությունները: Փորձագետ Հուսեյնբալա Սալիմովը գրում է. «Թուրքիայի ու Ադրբեջանի քաղաքական տրամաբանությունն ու փիլիսոփայությունը, նույնիսկ աշխարհաքաղաքական իրականությունը ամբողջովին նույնական չեն»: Նրա կարծիքով՝ «Թուրքիայի ու Ռուսաստանի հարաբերությունները ոչ մի կերպ չեն համաձայնեցվել արևմտյան ալյանսի համապատասխան քաղաքական սխեմայի հետ: Այդ պատճառով Ադրբեջանի հետևելը Թուրքիայի քաղաքականության ուղեգծին ստեղծում է խնդիրներ Արևմուտքի հետ նրա հարաբերություններում»: Եվ ոչ միայն դա: Ռուս-թուրքական ալյանսը նվազեցնում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ուժային լուծման Բաքվի հնարավորությունները: Նա կարող է արդիականությունը պահպանել, եթե Բաքուն քաղաքական կուրս վերցնի միանշանակ դեպի Արևմուտք: Բայց այդ դեպքում ճաքեր են առաջանալու Թուրքիայի, Իրանի, Ռուսաստանի հետ հարաբերություններում: Իսկ եթե Հայաստանն էլ մնա ռուսական ուղեգծում, ոչ միայն կպահպանի սուբյեկտի կարգավիճակը տարածաշրջանային մեծ խաղում, այլև հեռանկարներ կունենա Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացման՝ Իրանի հետ ակտիվ փոխգործակցության գործոնի առկայությամբ: Դեռ վերջերս նման իրավիճակը Բաքուն մղձավանջային երազում էլ չէր տեսնի:


Ճիշտ է, կա և այլընտրանքային սցենար: ԱՄՆ-ը, հասկանալով, թե ինչ ռազմավարական կարևոր դիրք ունի Մերձավոր Արևելքում Թուրքիան, կարող է նախաձեռնել պետական հեղաշրջման ևս մեկ փորձ, իսկ Ադրբեջանում ու Հայաստանում ակտիվացնել, այսպես կոչված, «արևմտյան կուսակցություններին»՝ Իրանի հետ պատերազմ սկսելու սպառնալիքների համապատկերում: Բայց նույնիսկ իրադարձությունների այդպիսի ընթացքի պարագայում Վաշինգտոնի կոկորդում ոսկորի պես խրվելու են Մերձավոր Արևելքում քրդական խնդիրը, իսկ Անդրկովկասում՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորումը:
Թերևս հենց այդ պատճառով է Բաքուն նախաձեռնել տեղեկատվական գրոհ ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ: Մոսկվայի Միջազգային հարաբերությունների ինստիտուտում ելույթ ունենալով՝ Լավրովը մեղադրեց Արևմուտքին, որ չի ցանկանում գնալ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի լուծման ճանապարհով: ՌԴ ԱԳՆ-ն հրաժարվում է ընդունել Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի կարգավորման հեռանկարների հարցում Ռուսաստանի ու ԱՄՆ-ի մոտեցումների տարբերության առկայության փաստը: Հիմա Լավրովին մեղադրում են համարյա թե «հայկական լոբբիի» ստեղծման մեջ Սմոլենսկի հրապարակում՝ «արևմտականների ճամբար հայկական էլիտայի առաջատար ուժերի զանգվածային տրանսֆերի համապատկերում»: Իհարկե, այս «ազդանշանները»՝ Մոսկվայի ու Վաշինգտոնի կողմից Լեռնային Ղարաբաղի և այլ խաղաքարտերի օգտագործման ակնարկով, ուղղված են Անկարային ու Թեհրանին: Բայց Բաքուն շուտով հարկադրված է լինելու կարևորագույն որոշումներ ընդունել արտաքին քաղաքական կուրսի փոփոխության վերաբերյալ:
Ստանիսլավ ՏԱՐԱՍՈՎ, REGNUM


Հ.Գ. Ազդանշաններն իրականում ու՞մ են ուղղված՝ մեծ հարց է: Milliyet-ը ճիշտ է, որ ԱՄՆ-ի ու Ռուսաստանի, ԱՄՆ-ի ու Իրանի հարաբերությունների համաժամանակյա վատացումը, ԱՄՆ-ի ու Թուրքիայի հարաբերություններում խնդիրները «անխուսափելիորեն ազդելու են այլ տարածաշրջանների ու հարցերի վրա, հատկապես Մերձավոր Արևելքում ու Հարավային Կովկասում», խնդիրը այդ ազդեցության բովանդակությունն է։ Եվ բոլորովին էլ այնպես չէ, որ Հարավային Կովկասի խնդիրները Ռուսաստանին առնչվել են միջնորդավորված՝ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի պատճառով: Օրերս ՌԴ ու ՀՀ նախագահները ուղերձներ փոխանակեցին համագործակցության համաձայնագրի կնքման 20-ամյակի առիթով, իսկ դա վկայում է, որ Մոսկվան 20 տարի առաջ արդեն ունեցել է կովկասյան քաղաքականություն: Եվս մեկ վկայություն է 2008-ի ռուս-վրացական պատերազմը: Ռազմավարական անվանվող հարաբերություններն Ադրբեջանի հետ՝ երրորդ վկայությունը՝ Բաքվին ԵԱՏՄ անդամակցության համոզելու ջանքերով: Այլ հարց է, թե ինչ հաջողություններ են ունեցել Կրեմլի փորձերը Հարավային Կովկասում իր ազդեցությունը պահպանելու ու խորացնելու ուղղությամբ: ՈՒ իսկապես հարց է՝ կպահպանի՞ Մոսկվան իր դերն Անդրկովկասում, երբ իրադարձությունների զարգացումը ակնհայտ է դարձրել, որ Ռուսաստան-Հայաստան ալյանսը միայն անվանական է, թղթի վրա՝ համաձայնագրերի տեսքով, շատ ավելի շահեր կան Ադրբեջան-Ռուսաստան ալյանսում՝ զենքի վաճառքից մինչև էներգետիկ մրցակցություն: Ստեղծված պայմաններում՝ Երևանը բոլոր նախադրյալներն ունի վերանայելու իր արտաքին քաղաքականությունը մի իրավիճակում, երբ Արևմուտքի պատժամիջոցները Ռուսաստանի նկատմամբ արդեն կարող են տարածվել և Հայաստանի վրա: Պետք չէ հիմա Հայաստանին խայծ տալ Թուրքիայի հետ հարաբերությունների նորմալացումը ռուս-թուրքական հարաբերությունների ենթատեքստում: Նախ դա իրական չէ, երկրորդն էլ՝ նույնիսկ եթե դիվանագիտական հարաբերություններ հաստատվեն Երևանի ու Անկարայի միջև ու սահմանն էլ բացվի, շատ մեծ հարց է, թե դա ինչ հետևանք է ունենալու Հայաստան-Արևմուտք հարաբերություններում ու ինչ արդյունք է տալու Հայաստանի համար: ՈՒ շատ մեծ սուտ է, որ ռուս-թուրքական ալյանսը նվազեցնում է Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ուժային լուծման Բաքվի հնարավորությունները: Միանգամայն հակառակը: Նույնքան սուտ է, որ Լեռնային Ղարաբաղի կոնֆլիկտի ուժային լուծման հնարավորությունները Բաքուն կպահպանի, եթե քաղաքական կուրս վերցնի միանշանակ դեպի Արևմուտք: Արևմուտքին տարածաշրջանում նոր պատերազմ պետք չէ, փոխարենը Ռուսաստանին պետք է իր խաղաղապահների տեղակայում Ղարաբաղում, որ հնարավոր է միայն պատերազմից հետո:


Իսկ որ ԱՄՆ-ը կփորձի Թուրքիայում «նախաձեռնել պետական հեղաշրջման ևս մեկ փորձ», առասպել է, նախ՝ ձախողված հեղաշրջումը ձեռնարկել էր ոչ թե Վաշինգտոնը, այլ՝ Էրդողանն ինքը, որ ապացուցում են հեղաշրջումից հետո արած նրա բոլոր քայլերը, հետո էլ Դոնալդ Թրամփին մինչև պաշտոնավարման ավարտը լիովին բավարար են ներքաղաքական սկանդալներն ու կորեական, սիրիական խնդիրները, որ հիմա էլ ավելացնի թուրքականը՝ խիստ կասկածելի հաջողությամբ:
Բաքուն, եթե իսկապես տեղեկատվական գրոհ է նախաձեռնել ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովի դեմ, պատճառն այն է, որ Լավրովի պլանը ձախողվեց:


Անահիտ ԱԴԱՄՅԱՆ

Դիտվել է՝ 2567

Հեղինակի նյութեր

Մեկնաբանություններ